04/02/2023 10:27
«Ժողովուրդ». Կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ այդ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ թափուր են: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական ոլորտը, սակայն փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ առողջապահության նախարարությանը: Ըստ հաստիքացուցակի՝ առողջապահության նախարարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին մեկ հաստիք թափուր է, ինչպես նաեւ, օրենքով սահմանված երեք խորհրդականի փոխարեն, նախարար Անահիտ Ավանեսյանն այս պահին ունի մեկ խորհրդական: Ուսումնասիրելով գերատեսչության պաշտոնական կայքը՝ տեղեկացանք, որ, օրինակ, նախարարության դեղորայքային քաղաքականության բաժինը պետ չունի, եւ այն ղեկավարվում է ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Պետ չունի եւ ժամանակավոր պաշտոնակատարով է աշխատում նաեւ ֆինանսատնտեսագիտական վարչությունը:
Ընդհանուր առմամբ, այս պահին նախարարության կենտրոնական ապարատում թափուր է 13 աշխատատեղ: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունն այս պահի դրությամբ եւս ունի 13 թափուր հաստիք, որոնց թվում են գլխավոր ֆինանսիստների եւ ավագ մասնագետների հաստիքները:
Սա վկայում է մեկ բանի մասին. կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ այդ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ»։