06/02/2023 18:04
Թիրախային աջակցությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
Հաճախ մեկուսանալու ձգտում, ընտանիքի շրջանակից դուրս՝ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն և հոգեբանական կախում՝ մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Իրեն այսպես է դրսևորել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկան՝ մինչև անհատական օգնականի ծրագրից օգտվելը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, «ՍՈՐՍ» հիմնադրամը փոխել է աղջկա և նրա ընտանիքի կյանքի ռիթմը, հասարակությանն ինտեգրվելու և զարգացման դինամիկան:
Թիրախային աջակցության արդյունքում, չորս ամսվա ընթացքում, ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Մոնիկայի մոտ զարգացնել մանր մոտորիկան, հիշողությունը, միջավայրին ինտեգրվելու ցանկությունն ու դրական մտածելու ձգտումը: Պարփակված հոգեվիճակը փոխարինվել է իր ուժերի նկատմամբ վստահության աճով և դասընկերների հետ՝ նաև տեսազանգով հաղորդակցվելու ցանկությամբ: Մարզաբնակ աղջիկը չի ձգտում հասկանալ «տեխնոլոգիաների զարգացում» արտահայտությունը, սակայն համացանցի միջոցով փորձում է ճանաչել Հայաստանն ու մայրաքաղաքը: Սիրում է իր ինքնությունը, հայոց լեզուն և մեծ ակնածանք ունի Մեսրոպ Մաշտոցի կերպարի հանդեպ: Ընտանիքում բոլորն այդ հաջողությունը վերագրում են իրականացված ծրագրին ու անհատական օգնականի հետևողական աշխատանքին: Ծրագիրն ավարտվել է, Մոնիկան էլ առողջական խնդիրների հետ կապված վիրահատության է ենթարկվել, սակայն լավատեսությունը պահպանվել է, առաջ գնալու ձգտումը՝ ընդգծվել:
«Օգնականի դերը կարևոր է նման ընտանիքներում: Նրանք խոցելի խմբում են: Երեխայի խնամքն ընկած է մայրերի ուսերին, դրա հետևանքով մայրերը մոռանում են իրենց: Մենք օգնում ենք ոչ միայն երեխային, այլև ծնողին: Ծրագիրը թույլ է տալիս փոքր-ինչ թեթևացնել մոր հոգսերը՝ նրան և երեխային տալով այն վստահությունը, որ իրենք մենակ չեն»,- ասել է Մոնիկայի անհատական օգնականը՝ Հայկանուշ Գասպարյանը:
2016 թվականից մեկնարկած՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցությունը ցանկալի արդյունք է ապահովում ծրագրի շահառու դարձած բոլոր ընտանիքներում: Վերջին տարիներին ընդլայնվել է անհատական օգնականների տրամադրման աշխարհագրությունը. ծրագրում ներառվել են նաև մարզերը, ինչը չափազանց կարևոր է: Հեռավոր մարզերում մասնագիտացված կենտրոններ հաճախելու հնարավորությունը սահմանափակվում է հիմնականում դրանց բացակայության պատճառով: Այս տեսանկյունից, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներին տարբեր մարզերում տրամադրվող աջակցությունը շատ կարևոր է:
Անհատական օգնականները կատարում են դայակ-խնամողի կամ զարգացման աշխատանք իրականացնող մասնագետի գործառույթ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմամասնագիտական թիմի կողմից: Թիմում ընդգրկված են աշխատանքները համակարգող լոգոպեդ և հոգեբան: Առանձնահատուկ դեպքերում խորհրդատու են հանդիսանում նաև հատուկ մանկավարժը, ֆիզիոթերապիստը կամ էրգոթերապիստը՝ երեխայի առօրյա միջավայրը կազմակերպելու և դիրքավորման խնդիրները լուծելու նպատակով։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհատական օգնականի ծրագիրը շարունակում է առաջնահերթ պահանջված մնալ Հայաստանում: