06/02/2023 19:05
Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է․ Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում․ Ռուբեն Վարդանյան
Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում, սոցցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan)։
«Ցավակցում եմ ողբերգական աղետի բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Մաղթում եմ նրանց ուժ և տոկունություն այս ծանր փորձությունը հաղթահարելու համար: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը: Մեր ժողովրդին շատ լավ է ծանոթ այդ ցավը:
Մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար: Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է: Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում»,- գրել է Արցախի պետնախարարը: