07/02/2023 12:20
«ՊՆ-ի՝ թվով 71 գույք են օտարում՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողներին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց:
«2022 թվական, ապրիլի 15: Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով ապացույցը:
Ասաց՝ հիմա ի՞նչ, հայտարարեն, որ զորամասեր են վաճառո՞ւմ:
«Ո՛չ, պարզապես այս զորամասերը չգործող զորամասեր են, բեռ է եղել ՊՆ-ի համար, դրա համար հանվել է վաճառքի», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Մանուկյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը շոու է: «Սա հասարակության ուշադրությունը շեղելու համար է», - ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի դիտարկմամբ՝ տարիներ անց այլ դատախազ կգա ու Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ «կգամի անարգանքի սյունին» «Ստալիչնի պոլկ»-ը վաճառելու համար:
«Դա անարդար է, բայց տա Աստված, որ Հայաստանում հետագայում նման էժան շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը», - նշեց Մանուկյանը:
Նա կարծում է, որ Սեյրան Օհանյանին կալանավորելու քայլին իշխանությունը չի գնա: «Կարծում եմ՝ այդտեղ չեն հասնի», - հավելեց Մանուկյանը: