07/02/2023 18:10
Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի պահանջներն ուղղակիորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին. Արցախի ԱԳՆ
Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի պահանջներն ուղղակիորեն հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Ադրբեջանի այն փաստարկները, որ Լաչինի միջանցքը, որպես Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի մաս, գտնվում է Ադրբեջանի իրավասության ներքո, անհիմն են։ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Եռակողմ հայտարարության տակ դա Ադրբեջան պետության ուղղակի և բացահայտ համաձայնությունն է՝ հրաժարվել Լաչինի միջանցքի վերահսկողությունից և դրա բացառիկ վերահսկողությունը փոխանցել ռուսական խաղաղապահ զորամիավորմանը»,- մանրամասնել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, փաստորեն, ձգտում է վերանայել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը՝ փոխելով իրավիճակը գետնի վրա և ներմուծելով նոր միակողմանի տարրեր, որոնք հակասում են եռակողմ հայտարարությանը։
«Մենք բազմիցս շեշտել ենք Լաչինի միջանցքի կարգավիճակը և շահագործման ռեժիմը միակողմանի կերպով վերանայելու Ադրբեջանի փորձերի անօրինականությունը։
Այդ կապակցությամբ կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի պնդումները Լաչինի միջանցքով անցնող մեքենաները կանգնեցնելու և բեռները զննելու իր ենթադրյալ իրավունքի մասին անհիմն են։ Եռակողմ հայտարարության մեջ չկան բեռների փոխադրման վերաբերյալ որևէ սահմանափակումներ՝ ըստ դրանց բնույթի, նպատակի կամ կիրառման»,- ընդգծել է Արցախի արտգործնախարարը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում