07/02/2023 19:38
Այսօր, մեր հասարակության լուռ համաձայնության պայմաններում, բանակ քանդողները դատում են բանակ ստեղծողներին․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը հիշեցրել է բանակաշինության ակունքներում կանգնած գործիչների ներդրած հսկայական ջանքերի մասին ու միաժամանակ ընդգծել՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայկական երկու պետականությունների պաշտպանական համակարգերը կորցրին այն ամենը, ինչը հնարավոր էր կորցնել։
«Մինչև 2018-ի չարաբաստիկ իշխանազավթումը հայկական երկու պետականությունների պաշտպանության նախարարների (այդ թվում՝ Սեյրան Օհանյանի) պաշտոնավարման ընթացքում զրոյից կառուցվել են պաշտպանական կարևորության տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) տարատեսակ օբյեկտներ ու շինություններ, այդ թվում՝ ամենաժամանակակից հարմարություններով կահավորված զորամասեր, ռազմական տեխնիկայի կայանատեղեր, զինապահեստներ, հազարավոր կիլոմետրեր ձգվող խրամուղիներ՝ դաշտային կացարաններով ու մարտական դիտակետերով...
2018-ից հետո պետության ռազմաքաղաքական ղեկը բռնազավթած պատահականությունների անգործունեության արդյունքում հայկական երկու պետականությունների պաշտպանական համակարգերը ոչ միայն չունեցան եղածին ինչ-որ բան ավելացնելու հնարավորություն, այլև կորցրին այն ամենը, ինչ հնարավոր էր կորցնել...
Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ այսօր, մեր հասարակության լուռ համաձայնության պայմաններում, բանակ քանդողները դատում են բանակ ստեղծողներին... Իրոք, խելագարվելու բան է...»,- սոցցանցի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։