07/02/2023 16:57
Ողբերգություններն ու կորուստները շարունակվելու են. իշխանության ղեկին քաղաքական ուժ է, որի պաշտոնավարման ընթացքն ասոցացվում է ողբի ու աղետի հետ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Զինված ուժերում առարկայական փոփոխությունների ու բարեփոխումների մասին իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է արձանագրվում կամ տարածքային նոր զիջումներ են լինում:
«ԶՈՒ-ում տեղի ունեցող ցանկացած միջադեպ ստուգատես է ՀՀ անվտանգային համակարգի համար, թե տվյալ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները բարեփոխո՞ւմ են, թե՞ հերթական տապալման դրսևորում», - ԱԺ-ում հայտարարեց Աբրահամյանը:
Ըստ նրա՝ հասարակությունը շարունակում է տեսնել ու արձանագրել մեկ բան՝ անվտանգային համակարգի փլուզում, ինչը բերում է մարդկային ողբերգությունների ու կորուստների:
«Սա շարունակվելու է այնքան ժամանակ, որքան իշխանության ղեկին մի քաղաքական ուժ է, որի պաշտոնավարման ընթացքն ասոցացվում է պատերազմի, ագրեսիայի, անպաշտպանության, անկարողության, ողբի ու աղետի հետ», - ասաց Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ ԶՈՒ-ի մակարդակից է կախված, թե արդյոք այս տարածաշրջանում գոյատևման խնդիրը լուծելո՞ւ ենք, թե՞ ոչ: