07/02/2023 22:08
Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի մենահամերգը
Փետրվարի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի (սոպրանո) մենահամերգը, որն իրականացվում է վոկալ երաժշտության երեկոյի շրջանակներում։
Գերազանցությամբ ավարտելով և մագիստրոսային աստիճան ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում՝ Հասմիկ Հարությունյանը նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր և ստացել է «Օպերային երգչուհի» որակավորումը։ Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։
Մեներգիչների «Տաթևիկ Սազանդարյան» հանրապետական մրցությում արժանացել է երկրորդ մրցանակին, «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի և Գրան Պրի մրցանակներին, Բեռլինում տեղի ունեցած՝ «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։
2015թվականից մինչ օրս հանդիսանում է «Օպերա Վիվա» վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական և բարեգործական միջոցառումների։
2018 ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա և Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ և ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար և այլազգի հայտնի երգիչների հետ։
2021թվականից մինչ օրս միացել է «Թրայվ Արմենիա» հայ-ամերիկյան հիմնադրամի և «Ապագայի Կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող համատեղ բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաև Բելգիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։