08/02/2023 21:45
Գլխամաշկի թեփոտումը ձմռանը. Ինչպես կանխել տարածված խնդիրը
Գլխի թեփոտումը տարածված խնդիր է, որն ընթանում է գլխամաշկի շերտավոր թեփոտմամբ: Այն լուրջ կամ վարակիչ հիվանդություն չէ, սակայն կարող է էսթետիկ խնդիրներ առաջացնել, դժվար բուժվել և կրկնվել:
Գլխի թեթև թեփոտումը կարող է բուժվել թույլ շամպունով գլուխն ամեն օր լվանալով (և լիարժեք պարզաջրելով): Եթե այս մեթոդը չի օգնում, կարելի է փորձել բուժական շամպուններ: Նույնիսկ լիարժեք անհետանալուց հետո գլխի թեփոտումը կարող է ժամանակ առ ժամանակ կրկնվել:
Գլխի թեփոտումը դիտարկվում է որպես սեբորեային մաշկաբորբի (դերմատիտ) թեթև տեսակ: Գլխի թեփոտումն ունի կլինիկական առանձնահատուկ դրսևորում:
Գլխի թեփոտման ախտանիշներից են՝
գլխամաշկի, մազերի, հոնքերի, մորուքի կամ բեղերի վրա և ուսերին մաշկային թեփուկներ կամ թեփ,
գլխամաշկի քոր,
նորածինների մոտ թեփուկներով կամ կեղևով պատված գլխամաշկ։
Գլխի թեփոտումը կարող է սասատկանալ սթրեսից հետո և առավել խորանալ ցուրտ և չոր եղանակներին:
Գլխի թեփոտման բազաթիվ դեպքեր բժշկական օգնություն չեն պահանջում: Ցանկալի է այցելել ընտանեկան բժշկին կամ նրա ուղեգրմամբ՝ մաշկաբանին, եթե թեփի դեմ որակյալ շամպունների կանոնավոր օգտագործումը որևէ օգուտ չի տալիս:
Գլխի թեփոտման պատճառներից են՝
գրգռված, ճարպոտ մաշկի առկայությունը,
գլխի ոչ բավարար լվացումները,
Մալասեցիա կոչվող բորբոսանման սնկի առկայությունը, որը սնվում է գլխամաշկի ճարպով,
չոր մաշկը,
մազերի խնամքի արտադրանքի նկատմամբ գերզգայունությունը (կոնտակտային դերմատիտ),
այլ մաշկային հիվանդություններ, օրինակ՝ փսորիազ և էկզեմա:
Գլխի թեփոտում կարող է առաջանալ գրեթե բոլորի մոտ, սակայն որոշ գործոններ կարող են անձին դարձնել ավելի խոցելի:
Ռիսկային խմբում հայտնվելու հիմնական գործոններն են՝
Տարիք. Թեփոտումը սովորաբար սկսվում է երիտասարդների մոտ և շարունակվում մինչև միջին տարիք: Սա չի նշանակում, որ տարիքային այլ խմբերում թեփոտում չի կարող առաջանալ։ Որոշ մարդկանց մոտ գլխի թեփոտումը կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում:
Արական սեռ. Գլխի թեփոտումն անհամեմատ ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, որը թույլ է տալիս հետազոտողներին ենթադրել, որ արական հորմոններն այստեղ մեծ դեր են խաղում։
Հիվանդություններ. Պարկինսոնի հիվանդությունը, նյարդային համակարգի վրա ազդող այլ հիվանդությունները, ՄԻԱՎ-ը և իմունային համակարգը թուլացնող հիվանդությունները բարձրացնում են գլխի թեփոտման հավանականությունը:
Գլխի թեփոտումը և գլխամաշկի քորը գրեթե միշտ հնարավոր է վերահսկել և կանխարգելել:
Թեթև թեփոտման ժամանակ նախ պետք է փորձել ամեն օր թույլ շամպունով լվանալ գլուխը, որպեսզի քչանան ճարպը և մաշկի բջիջների կուտակումները: Եթե սա չի օգնում, փորձեք գլխի թեփի բուժման շամպուններ: Նկատի ունեցեք, որ բուժումը կարող է լինել կրկնակի կամ երկարատև:
Եթե խնամքի որևէ արտադրանքից ի հայտ են գալիս գլխամաշկի քոր, ծակծկոցներ կամ այրոցի զգացողություն, դադարեցրեք օգտագործումը: Եթե առաջանում է ալերգիկ ռեակցիա, օրինակ՝ մաշկի ցանավորում, եղնջացան կամ դժվարաշնչություն, անհապաղ դիմեք օգնության։
Գլխի թեփոտման դեմ օգտագործվող շամպունները դասակարգվում են ըստ ազդող դեղամիջոցի:
Ցինկի պիրիթիոնի շամպուններ. Այս շամպունները պարունակում են հակաբակտերիալ և հակասնկային ազդեցությամբ ցինկի պիրիթիոն:
Խեժի հիմքով շամպուններ. Ածուխի խեժը դանդաղեցնում է գլխամաշկի բջիջների մահացման և թեփի վերածվելու գործընթացը: Եթե մազերը բաց գույնի են, այս շամպունները կարող են գունազրկել դրանք, ինչպես նաև բարձրացնել արևի ճառագայթների նկատմամբ գլխամաշկի զգայունությունը:
Սալիցիլաթթու պարունակող շամպուններ. Այս արտադրանքներն օգնում են թեփուկների հեռացմանը:
Սելենիումի սուլֆիդ պարունակող շամպուններ. Սելենիումի սուլֆիդն ունի հակասնկային ազդեցություն:
Կետոկոնազոլային շամպուններ. Այս շամպումում առկա կետոկոնազոլը հակասնկային դեղամիջոց է և կարող է ոչնչացնել գլխամաշկի վրա ապրող սնկերը:
Սկսեք բուժական շամպուններ օգտագործել շաբաթական մեկից երեք անգամ, որից հետո որպես պահպանողական և կանխարգելիչ միջոց՝ շաբաթական մեկ անգամ կամ ավելի հազվադեպ:
Խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է նաև սովորել կառավարել սթրեսը։ Հուզական լարվածությունն ազդում է ընդհանուր առողջության վրա և անձին դարձնում խոցելի բազմաթիվ հիվանդությունների և առողջական վիճակների նկատմամբ: Սթրեսը կարող է նպաստել թեփոտման առաջացմանը կամ վատթարացնել առկա թեփոտումը։
Բավարար ցինկ, վիտամին B և ճարպերի որոշ տեսակներ ապահովող սննդակարգը ևս կարող է կանխարգելել գլխի թեփոտումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։