08/02/2023 16:46
Լսել եմ, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության կազմում կընդգրկվեն ֆրանսիական ժանդարմներ. Բաքվում ՌԴ դեսպան
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայվող ԵՄ առաքելությունը հանդիսանում է ԵՄ ընդհանուր քաղաքականության ուղեցույցն անվտանգության եւ պաշտպանության, այլ ոչ թե քաղաքացիական ոլորտում։ Այս մասին haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։
«Հարավային Կովկաս արտատարածաշրջանային գործոն մտցնելու ոչ մի հիմք չկա։ Բայց ԵՄ-ն հենց դրան է տանում գործը, ընդ որում տանում է շատ անշնորհք կերպով, առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու (Ադրբեջանը հրաժարվել է դա քննարկել-խմբ.): Իհարկե, ԵՄ-ն այս հարցում որպես ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուղղակի կցորդ է, քանի որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ԱՊՀ տարածքը դիտարկում են որպես Ռուսաստանին հակազդելու գոտի եւ փորձում են աշխարհաքաղաքական բաղադրիչ մտցնել տարածաշրջանային իրավիճակում։
Ըստ էության, նման գործողություններն ուղղված են ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրսմղելուն։ Պետք չէ խաբվել «քաղաքացիական առաքելություն» տերմինով։ Դուք ինքներդ ասացիք, որ հիմքեր կան ենթադրելու, որ այն ամբողջովին քաղաքացիական չի լինելու։ Ես լսել եմ, համենայնդեպս, խոսակցություն է եղել, որ այս առաքելության մեջ ընդգրկվելու են ֆրանսիացի ժանդարմներ։ Հետո առաքելությունն ինքնին ԵՄ ընդհանուր քաղաքականության ուղեցույցն է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական ոլորտում։
Հնարավորությունը, որ այն կարող է ռազմական բաղադրիչներով ինչ-որ ներկայության վերաճել, հնարավորությունը, որ առաքելությունը կսկսի դիտարկել Ղարաբաղի տարածքը, ինչը մանդատի խախտում կլինի, ստիպում է ասել, որ ռիսկեր կան։ Եթե փորձ արվի ընդլայնել առաքելության ներկայությունը Ղարաբաղի տարածքում, ապա դրանք կարող են խնդիրներ առաջացնել ռուս խաղաղապահների եւ սահմանապահների համար։ Նման խնդիրները ողջ տարածաշրջանում, ողջ Հարավային Կովկասում վտանգ են անվտանգության համար»,- ասել է դեսպանը։