08/02/2023 10:08
«Ժողովուրդ». Ինչ լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար տուրընկերությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գործող տուրընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար: Խոսքը դեսպանատներում օր վերցնելու մասին է, որը, քաղաքացիների համոզմամբ, վերածվել է շահութաբեր առևտրի:
Օրինակ՝ եթե ցանկանում ես վիզա ստանալու նպատակով մտնել որևէ դեսպանատուն և օր չունես ամրագրած, ապա հոգ չէ. կան տուրօպերատորներ, որոնք նախապես ամրագրած օրերը կարող են վաճառել՝ 15000 դրամից մինչև 50000 դրամով: Այս թեմայի շուրջ ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում է: Նրանց պատմելով՝ հայտնի է, որ տուրընկերության աշխատողները դեսպանատներում օրեր ամրագրում են գիշերվա ժամերին, վարկյանների ընթացքում:
Չի բացառվում, որ որոշ տուրընկերություններ դեսպանատների հետ ներքին պայմանավորվածություն ունեն և նախապես զգուշացվում են, թե որ օրը որ ժամին է ազատ տեղ բացվելու: Այս ծառայությունը նրանք չեն ձևակերպում որպես վաճառք, այլ նշում են, որ թարգմանություններ են արել, քաղաքացու փոխարեն փաստաթղթեր են լրացրել: Ուշագրավն այն է, որ որևէ պետական կառույցի կողմից այս գործընթացը չի վերահսկվում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գուցե տեղյակ են, բայց լռում են՝ անգործություն դրսևորելով:
Իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ ապացույցներ չունեն, որ տուրընկերություններն «օրեր են վաճառում»: Մյուս կողմից՝ նույն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ իրենք ևս այս խնդրի շուրջ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից, որոնք անմիջապես փոխանցել են Արտաքին գործերի նախարարություն, սակայն անարդյունք. պետական այս կառույցից զբոսաշրջության կոմիտեն դեռևս արձագանք չի ստացել: Գուցե իրավապահ մարմինը սկսի ուսումնասիրել խարդավանքների այս պտույտը»։