08/02/2023 18:40
Տեսչական մարմինը դադարեցրել է «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքները
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել, այդ մասին նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում․
«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գործող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները»։