08/02/2023 15:22
Որևէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմին, բայց թշնամանքը պետք է կառավարվի. Սարգիս Խանդանյան
Ազգային ժողովը քննարկում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց Խանդանյանին՝ Թուրքիան Հայաստանի անվտանգությանը սպառնալի՞ք է, թե՞ ոչ:
«Վստահ եմ՝ ծանոթ եք ՔՊ-ի նախընտրական ծրագրին, այն դրույթներին, որոնք վերաբերում են Արցախի խնդրի կարգավորմանը, առավել քան վստահ եմ, որ ծանոթ եք նաև կառավարության 5-ամյա ծրագրի նույն այդ բաժնին: Ուզում եմ հասկանալ՝ արդյոք համաձա՞յն եք այդ դրույթներին, պնդո՞ւմ եք, որ այդ դրույթներն ուժի մեջ են ու պետք է կյանքի կոչվեն, թե՞ ոչ: Կուզենամ անդրադարձ կատարեք Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշմանը վերաբերող արձանագրումներին», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Սարգիս Խանդանյանն էլ հայտարարեց, թե 2021 թվականի օգոստոսին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր դիտարկում է արել՝ ՀՀ միջազգային գործընկերները, հատկապես, համանախագահ երկրները ԼՂ հակամարտության լուծումներ փնտրելիս առաջարկում են օրակարգը բաց պահել ու վերջնանպատակներ չսահմանել:
«Այս առումով մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նաև դրանով են պայմանավորված եղել», - ասաց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիային՝ նա ընդգծեց՝ այո՛, 2020 թվականի պատերազմից հետո հետևություններ արվել են ու որևէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունն այդ պատերազմին:
«Բայց մենք չենք կարող անդադար թշնամության միջավայրում փորձել մեր արտաքին քաղաքականությունը պայմանավորել, պետք է շարունակենք աշխատանքը, որ թշնամանքը կառավարվի, սպառնալիքները կառավարվեն ու, ի վերջո, կարողանանք հասնել մի հանգրվանի, որ տարածաշրջանը լինի խաղաղ ու անվտանգ», - ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը: