08/02/2023 09:58
«Ժողովուրդ». Ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս շաբաթ որոշումներ է կայացնելու՝ Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման» հիմքով հարուցված վարույթներով:
Ի դեպ, գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաև բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է:
Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և ևս մի քանի ՔՊ-ականների մասով. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռևս անցած տարի Գեղամ Նազարյանը հաստատել էր, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, և նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին և կպարզաբանի ամեն ինչ:
Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ ծանուցումը ստացել են, և տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետևանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները: Պետք է շտկվի խնդիրը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորների հայտարարագրերը ուսումնասիրվում են, և չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով ևս խախտումներ հայտնաբերվեն»։