08/02/2023 10:04
«Ժողովուրդ». Ինչու Աննա Վարդապետյանին ԱԺ բերեցին և ապա դուրս հանեցին լրագրողների համար անհասանելի տարածքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մշտապես թափանցիկությունից խոսող և դրանով հպարտացող իշխանության ներկայացուցիչներն իրենց սրտի գլխավոր դատախազին (որն առիթը բաց չի թողնում զեկուցել իր գործերը վարչապետին) լրագրողներից թաքուն են պահում։
Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում զեկուցում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը։ Նրան խորհրդարան բերեցին և ապա դուրս հանեցին ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով, այսինքն՝ լրագրողների համար անհասանելի տարածքով։ Ընդգծենք, որ խորհրդարանում երկար տարիներ, նաև հեղափոխությունից հետո ավանդույթ է, որ նման դեպքերում պաշտոնյաներին ուղեկցում են գլխամասային հանձնաժողովների նախագահները, այսինքն՝ այս դեպքում Վարդապետյանին պետք է ուղեկցեր Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Այս անգամ դատախազը որոշել է հեռու մնալ լրագրողաշատ միջանցքից։ Ընդգծենք՝ այս ավանդույթը եղել է նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեպքում, երբ վերջինս եկել էր խորհրդարան նման միջնորդություններով կամ տարեկան զեկույցներով։ Նրան հենց Վարդանյանն էր ուղեկցում, իսկ նիստերից հետո էլ նա սովորություն ուներ ճեպազրույց տալ լրագրողներին։ Փաստորեն, թափանցիկությունից խոսող իշխանությունում իրավիճակ է փոխվել»։