09/02/2023 20:02
Նյարդային օրթորեքսիա. Ճիշտ սնվելու անհագ ցանկությունը կարող է հանգեցնել առողջական խնդրի
Յուրաքանչյուր պատասխանատու մարդ խելամիտ կերպով է մոտենում իր սննդակարգի ընտրությանը։ Սակայն երևույթը չպետք է դառնա նյարդային օրթորեքսիայի՝ սննդի հանդեպ վարքային խանգարման պաթոլոգիա, քանի որ այն ոչ միայն մեծացնում է սննդային խանգարման ռիսկերը, այլև մարդու վրա ունենում է բացասական ազդեցություն՝ հոգեբանական տեսանկյունից։
Նյարդային օրթորեքսիա տերմինը ներմուծվել է 1997 թ.՝ բժիշկ Սթիվեն Բրաթմանի կողմից, ով ներկայացրել է, թե ինչպես կարող է նման գերուշադրությունը սննդի հանդեպ հանգեցնել հասարակության մեջ նորմալ կյանք վարելու ունակության կորստին:
Նյարդային օրթորեքսիան սննդային խանգարում է, որը կապված է պատշաճ սնուցման չափազանց մեծ մտահոգության հետ, դեռևս բավականաչափ ուսումնասիրված չէ, բժշկական դասակարգումներում չկա ո՛չ նման հայեցակարգ, ոչ էլ, իհարկե, մշակված ախտորոշիչ չափանիշներ:
Նյարդային օրթորեքսիայի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն: Որոշ հետազոտողներ հակված են կարծելու, որ նյարդային օրթորեքսիան հիպոքոնդրիկ խանգարման դրսևորումներից մեկն է։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ սա սննդային խանգարում չէ, այլ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, այսինքն՝ մոլուցքային վիճակների տարբերակ։ Բայց այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել լուրջ անհամապատասխանությունը. առաջինի դեպքում (մոլուցքային մտքեր և գործողություններ) հիվանդը գիտակցում է իր վարքի իռացիոնալությունն ու անհիմն լինելը, իսկ նրանք, ովքեր ցույց են տալիս նյարդային օրթորեքսիայի նշաններ, համոզված են իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ։
Ըստ մասնագետների, նյարդային օրթորեքսիայի հոգեբանական պատճառը կարող է լինել սեփական բացառիկության և գերազանցության զգացման մոլուցքային ցանկությունը մյուսների նկատմամբ:
Կան հետազոտողներ, որոնք օրթորեքսիան համարում են նյարդային անորեքսիայի տարբերակ, քանի որ երկու հիվանդություններով տառապողները ցուցաբերում են անհատականության նման գծեր։ Բայց, ի տարբերություն նյարդային անորեքսիայի, օրթորեքսիա ունեցող մարդկանց մոտ չկա մարմնի քաշը նվազեցնելու ցանկություն, այլ՝ առավելագույն առողջություն պահպանելու ցանկություն։
Կարծիք կա, որ նյարդային օրթորեքսիա կոչվող վիճակը չի պատկանում հոգեկան խանգարումներին, այլ սոցիալական միտում է, որն, ի վերջո, դուրս կգա պրակտիկայից։ Այնուամենայնիվ, օրթորեքսիայի նշաններին պետք է ուշադիր հետևել, քանի որ այն երկարաժամկետ հեռանկարում կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Բացի այդ, նյարդային օրթորեքսիան կարող է լինել սնվելու խանգարումների՝ բուլիմիայի և անորեքսիայի վարքագիծ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։