09/02/2023 17:08
Ադրբեջանի հայտարարությունը՝ իր ԶՈՒ կատարած պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին, ընդամենը կեղծիք էր՝ խնդիրը կոծկելու նպատակով․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՄԱԿ մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակման հարցին: Ադրբեջանը, սակայն նախատեսված ժամանակահատվածում որևէ կերպ չի արձագանքել ՄԱԿ մանդատակիրներին:
«Արմենպրես»-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից մեկնաբանություն է խնդրել հարցի առնչությամբ։
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատշաճ միջազգային հետաքննության անհարժեշտության մասին և պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։
Նամակ-պահանջագրում ՄԱԿ մանդատակիրները խորը մտահոգություն են հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատիժը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։
Կհիշեք, որ միջազգային հանրության զայրույթը մեղմելու և ուշադրությունը շեղելու նպատակով Ադրբեջանը անցած տարվա աշնանը հայտարարեց իր ԶՈՒ կատարած պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին: Ինչպես ցույց է տալիս ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակի անտեսումը, այդ այսպես կոչված հետաքննությունը ընդամենը կեղծիք էր՝ խնդիրը կոծկելու նպատակով:
ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձնաց, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները (հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները):
Այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի այդ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։
Բարձր գնահատելով համագործակցությունը ՄԱԿ կառույցների, այդ թվում` հատուկ ընթացակարգերի հետ` Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը որդեգրել է ՄԱԿ կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով վերջիններիս ստիպելու չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը և ավելին, նույնիսկ վերախմբագրել ՄԱԿ կողմից նախկինում արված հայտարարությունները: Այս ամենին ականատես ենք լինում Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շրջափակման մեջ պահելու վերաբերյալ հայտարարությունների համատեքստում:
Չնայած ադրբեջանական գործողություններին՝ վստահ ենք, որ ՄԱԿ բոլոր մարմինները, այդ թվում` առաջին հերթին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը ՄԱԿ կանոնադրության ոգուն և տառին համապատասխան»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: