09/02/2023 20:51
Խաղաղության պայմանագիրը պետք է ներառի դրույթներ՝ երաշխավորող ՀՀ տարածքի ամբողջականությունը, ԼՂ-ում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, բռնի տեղահանվածների վերադարձը․ Եվրախորհրդարան
Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ընդունվել հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են հարևան Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է 1lurer.am-ը, նշված է Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ընդգծելով, որ ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ երկար տարիների հակամարտության հետ՝ զեկույցով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Երկու երկրների կառավարություններին կոչ է արվում աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա, իսկ ԵՄ-ին՝ մշտապես մասնակցել և հանդես գալ որպես միջնորդ՝ արդյունավետորեն նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանվածների օպերատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ»,- նշված է հաղորդագրության մեջ: