09/02/2023 11:32
Պետականորեն իրականացվող գործողություն է․ եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել․ Փաշինյան (Տեսանյութ)
Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ այն վերականգնվել էր մեկ օր առաջ։ Մինչ այդ՝ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել՝ դրանից 4 օր առաջ։ Դեկտմեբերի 12-ից ի վեր՝ Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ։ Սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ 2022 թվականից ի վեր՝ Ադրբեջանը ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն։
«Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների։ Ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաև ԼՂ-ի էլեկտրական հոսանքի մատակարարումը, ու քանի որ էլէներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական 6, 8, 10 ժամ, կախված եղանակից։ Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Սրանով, ըստ վարչապետի, ևս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, բացի հումանիտար ճգնաժամից, հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի։
«Ադրբեջանի այս գործողությունները մի նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը, ինչը, հավատում ենք, որ անկոտրում է։ Պետք է ավելի մեծացնենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար և բնապահպանական ճգնաժամի վրա, միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որը Ադրբեջանի ագրսիվ և սադրիչ գործողությունների արդյունք է», - ասաց Փաշինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին և երկրներին, ովքեր այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին։
«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,- ասաց Փաշինյանը: