09/02/2023 10:50
«Կուզեմ անկեղծ ասել՝ ձեզ տեղն է». Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորներից ներողություն խնդրեց:
«Կներեք, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորների՝ մեր երկու հանրապետությունների, մեր ժողովուրդների շահերին հակասող հայտարարությունների համար, բայց, իրականում, կուզեմ նաև անկեղծ ասել՝ ձեզ տեղն է, հատկապես, իշխանական խմբակցություննե՛ր, սիրելի՛ եղբայրներ, քույրեր, ձեզ տեղն է։ Քանի տարի ասում էինք, որ ՀՀ իշխանության ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող, հակառակն անող ուժ է: Հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող էիք փոխել, տեսաք՝ չեք փոխում», - Ազգային ժողովում հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Նա ասաց, թե այս իշխանությունը հիմա հրաժարվում է ասել, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար, բայց 2020 թվականի հուլիսին Ազգային ռազմավարության մեջ գրել են այլ բան, ինչը մեջբերեց պատգամավորը. «Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները»:
Գեղամ Մանուկյանն ասաց, թե պետք չէ համեմատել 1999 թվականի Թուրքիան 2020 թվականի պատերազմին ամբողջական մասնակցություն ունեցած Թուրքիայի հետ: