09/02/2023 11:02
Ի՞նչ անենք, հավաքվենք, գնանք հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե ինչու է ընդդիմությունը պաթոսային ձևով փորձում սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև:
«Ինչո՞ւ եք հայաստանյան իշխանության ու արցախյան իշխանության միջև սեպ խրում, դրա իմաստը ո՞րն է, ո՞վ է շահելու դրանից», - արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը, ապա հեգնեց. «Լավ ելույթ էր, «Երկիր մեդիա»-ով կդնեք, 10 անգամ ցույց կտաք»:
Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ Հայաստանի ցավակցական ուղերձներին ու օգնության տրամադրմանը՝ նա ասաց, թե քրիստոնյան չէր կարող չարձագանքել այդ ամենին:
«Ամբողջ աշխարհն է ցավակցում, նույնիսկ Կիպրոսն է ցավակցել ու օգնություն ուղարկել», - նշեց Սիմոնյանը: ԱԺ նախագահն ասաց, թե իրենք ուզում են ապահովել Հայաստանի անվտանգությունը:
«Երբ դուք ասում եք՝ Թուրքիան թշնամի՞ է, թե՞ ոչ, երեկ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ այն գործողությունները, որը կար, թշնամական վերաբերմունք էր: Լավ, բա ի՞նչ անենք, Ստամբուլն արյան ծով սարքելու երգերով, կենացներով, գլուխ գովալով…տեսանք ուր բերեց այս փիլիսոփայությունը: Լավ, ընդունում եմ՝ թնշամական է, բա ի՞նչ անենք, հավաքվենք, գնանք հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞: Ուզում եմ հասկանալ՝ ձեր տարբերակը ո՞րն է», - դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, թե պետք է լուծել խնդիրներն ու երկիրը առաջ տանել: