10/02/2023 22:00
Գլխամաշկի ցավի հիմնական պատճառները
Գլխի մաշկի բարձր զգայունությունը բավականին տարածված երևույթ է։ Շատերը ցավ են զգում լոգանքի, սանրվելու, հարդարվելու ժամանակ կամ նույնիսկ թեթև հպվելիս։
Մազերի և գլխի արմատների ցավը հաճախ արդյունք է այն սխալների, որոնք մենք թույլ ենք տալիս մազերի խնամքում:
Սխալ ընտրված լվացող միջոցները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Նույնիսկ լավ շամպունը կարող է մեկի համար օգտակար, մյուսի համար՝ վտանգավոր լինել:
Մեծ նշանակություն ունի նաև հարմար և ճիշտ սանր ընտրելը։ Մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվություն տալ փայտե սանրերին։ Դրանք զգալիորեն նվազեցնում են գլխամաշկի տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը՝ կանխելով մազերի էլեկտրականացումը։
Նորաձև, բարդ սանրվածքները ևս կարող են բացասաբար ազդել մազերի և գլխի մաշկի վրա։ Չափազանց ձիգ կապված մազերը գլխի ցավի ևս մեկ հնարավոր պատճառ են, ուստի ցանկալի է օգտագործել միայն փափուկ ռետինե ժապավեններ։ Մասնագետները խորհուրդ են տալիս գիշերը մազերը բաց թողնել, որպեսզի գլխամաշկը հանգստանա։
Երկար ժամանակ նույն սանրվածքն ունենալուց հետո այն կտրուկ փոխելը նույնպես կարող է գլխամաշկի ցավ առաջացնել, քանի որ մազերը և մազերի ֆոլիկուլները մինչ այդ սովոր էին որոշակի դիրքում լինել։
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հաստ և երկար, հետևաբար, ծանր մազեր ունեցողները հաճախ տառապում են մազերի ֆոլիկուլների ցավից: Պատշաճ խնամքը և ճիշտ ընտրված սանրվածքները կօգնեն նվազեցնել անհարմարությունը և նույնիսկ ամբողջությամբ ազատվել ցավից:
Հաճախակի գունաբացումները, ներկերը փորձարկելը ևս վնասակար են մազերի և գլխի համար։
Մասնագետները զգուշացնում են, որ քիմիական ներկերի հաճախակի օգտագործումը կարող է մաշկային ցավ առաջացնել, հատկապես, երբ բնական պիգմենտը փոխվում է՝ թխահերից շիկահեր դառնալու համար:
Մեր մաշկը հակված է մեծ թվով հիվանդությունների, ամենատարածվածը սեբորեան է: Բարեբախտաբար, այս բոլոր հիվանդությունները լիովին բուժելի են՝ մասնագետին ժամանակին դիմելու պարագայում։
Որոշ մարդկանց մաշկը շատ զգայուն է: Սա կարող է փոխանցվել գենետիկորեն: Այս դեպքում գլխամաշկը ցավով է արձագանքում արտաքին և ներքին պայմանների փոփոխություններին, տարբեր գրգռիչների ազդեցությանը։ Նման իրավիճակներում միակ հնարավոր փրկությունը մազերի և գլխամաշկի հատուկ, ավելի մանրակրկիտ խնամքն է։ Իսկ ամենաարդյունավետ և արագ միջոցը թեթև մերսումն է։ Այն արդյունավետորեն վերականգնում է արյան շրջանառությունը, երբեմն դա բավական է, որպեսզի խնդիրը նահանջի:
Որոշ դեպքերում մասնագետին դիմելն անհրաժեշտություն է, քանի որ գլխամաշկի հաճախակի ցավերը կարող են հուշել որևէ հիվանդության առկայության մասին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։