10/02/2023 14:21
Միրզոյանն ու Լավրովը հայտնել են Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ մտադրությունը
Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ մտադրությունը։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։
Ռուսական կողմը կարևորել է եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը։