10/02/2023 21:45
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Մեծ Բրիտանիա
2023 թվականը նշանավորվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակով, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում փետրվարի 13-ից 24-ը սպասվող իր հյուրախաղերը նվիրում է մեծ կոմպոզիտորի հոբելյանին՝ նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով։
Համերգային շրջագայությունը ներառում է 10 ելույթ Լոնդոնում, Մանչեսթերում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Շեֆիլդում, Բիրմինգհեմում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան նաև բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։
Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են․ երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ։