10/02/2023 19:47
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանը Պորտուգալիայի դեսպանն ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը
Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։
Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, վերջինիս մաղթել է արդյունավետ առաքելություն՝ ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։
Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորել է կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։