10/02/2023 19:25
Մենք պարտավորություններ ունենք Հայաստանի նկատմամբ, մեր հեռանալու մասին խոսակցությունները շահարկումներ են․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Հարավային Կովկասից և Հայաստանից հեռանալը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում։
Լրատվամիջոցի հարցին՝ ի՞նչ կարող եք ասել այն տրամադրությունների, հայտարարությունների մասին, թե Ռուսաստանը չի հասցնում, չի կարողանում ազդել տեղի ունեցող գործընթացների վրա, դեսպանը պատասխանել է․
«Ինձ թվում է՝ քննարկումներն այն մասին, թե Ռուսաստանը իբր հեռանում է, ցանկության բարձրաձայնում է։ Հավանաբար մարդիկ հույս ունեն, որ միտքը նյութական է դառնում, և եթե այն անընդհատ բարձրաձայնեն, դա տեղի կունենա: Ամենայն վստահությամբ ասեմ, որ դա Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում։
Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածաշրջանի մի մասն է՝ թե՛ աշխարհագրության, թե՛ պատմության, թե՛ գոյություն ունեցող կապերի շնորհիվ։ Բացի այդ, մենք պարտավորություններ ունենք Հայաստանի նկատմամբ և չենք պատրաստվում հրաժարվել այդ պարտավորություններից։ Մեր` մտացածին հեռացման մասին խոսակցությունները շահարկումներ են։
Ռուսական ռազմակայանը, խաղաղապահ զորակազմը և սահմանապահները, որոնց թիվը 2020 թվականի իրադարձություններից հետո ավելացվել է հայկական կողմի խնդրանքով, և դրանք տեղակայվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ այս ամենը կայունության և սրացման կանխարգելման շատ կարևոր գործոններ են։ Կրկնեմ՝ ռուսական ներկայության դերը զգալու համար, հավանաբար, պետք է խոսել սահմանամերձ գյուղերի, ավանների, Ղարաբաղի բնակիչների հետ։
Նրանց կարծիքն առավել մոտ է իրականությանը։ Կա քաղաքական քարոզչություն, բայց կա և իրական կյանքը։ Եվ պետք է ելնել նրանից, թե ինչպես են այդ ներկայությունը գնահատում այն մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջաններում և որոնց համար «անվտանգություն» բառը դատարկ խոսք չէ։
Իհարկե, այդ ներկայությունը պետք է պահանջված լինի մեր դաշնակցի կողմից։ Ես ելնում եմ նրանից, որ այդպես էլ կա։ Թեև մենք ուշադրություն ենք դարձրել վերջին շրջանում արված որոշ հայտարարությունների, թե ռուսական ռազմական ներկայությունը կարող է դիտարկվել որպես անվտանգությանը սպառնացող։ Բայց ես դա ավելի շատ վերագրում եմ հռետորաբանության տարրին, որը չի արտացոլում Հայաստանի ղեկավարության իրական դիրքորոշումը։
Երկրորդ տարրը, որի մասին ուզում եմ ասել, այն է, որ, լուծելով կայունության պահպանման, անվտանգության տեսանկյունից խոցելի շրջանների բնակչության անվտանգության ապահովման խնդիրը, Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է տարածաշրջանում և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում