10/02/2023 21:38
Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում
Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը:
Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), կարպետագործության ուսուցիչներ Զարուհի Դոլուխանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք) և Նարինե Պողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք):
Ցուցադրությունը հիմնականում ներկայացնում է հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ): Իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:
Փառատոնին հայ վարպետների մասնակցության նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն է, ներկայացվածությունը նման հեղինակավոր հարթակում, ինչպես նաև վարպետների ստեղծագործական գործունեության խթանումը:
Հայկական ավանդական երգերի և պարերի կատարումներով փառատոնին մասնակցում է նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը:
Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում: Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը, ինչպես նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում: