10/02/2023 15:35
Շրջափակված Արցախը կօգնի երկրաշարժից տուժած Սիրիային
Արցախի Հանրապետությունը որոշել է դրամահավաք կազմակերպել՝ օգնելով Սիրիային։
«Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին:
Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի կառավարությունը, համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք:
Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:
Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները։
Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701»,- ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։