10/02/2023 20:44
Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման և շահագործման հարցերին նվիրված գագաթնաժողովը հետաձգվել է
Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման և շահագործման հարցերին նվիրված գագաթնաժողովը, որը պետք է կայանար Ստամբուում՝ փետրվարի 14-15-ը, հետաձգվել է, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը։
«Տեղեկությունը, որ փետրվարի 14-15-ին Ստամբուլում գազի հարցով նախատեսված գագաթնաժողովը հետաձգվում է, համապատասխանում է իրականությանը, գագաթնաժողովը կկայանա մարտի 22-ին»,- ասել է թուրքական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցներն էին տեղեկություն տարածել, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով Ստամբուլի գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է քննարկվեին Թուրքիայում գազային հանգույցի ստեղծմանն ու շահագործմանը վերաբերող հարցեր, հետաձգվել է։
Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, հաստատելով տեղեկությունը, հավելել է, որ այժմ Թուրքիայի բոլոր պետական գերատեսչությունները ներգրավված են երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, գերատեսչությունների ղեկավարները աղետի գոտում են գտնվում։
Նշենք նաև, Ստամբուլում գազի հարցով գագաթնաժողով անցկացնելու մասին երկրաշարժից առաջ հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Նա տեղեկացրել էր, որ միջոցառմանը մասնակցելու են հրավիրել գազ արդյունահանող և սպառող պետությունների ներկայացուցիչներին։