10/02/2023 12:28
Ներդրումային ծրագրերն իրագործելու առումով դժվարություններ կան. Վահան Քերոբյան
Ներդրումային ծրագրերն իրագործելու առումով դժվարություններ կան, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա վստահեցրեց, թե շարունակական ջանքեր են գործադրում, որպեսզի երեք հիմնական ուղղություններով՝ կառավարության կողմից կատարվող կապիտալ ծախսերի, տեղական ընկերությունների կողմից կատարվող ռեինվիստիցիաների, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման ուղղությամբ կարողանան իրենց թիրախը խոցել։
Վահան Քերոբյանի խոսքով՝ պետք է էապես ավելացնել ներդրումների դերը ՀՀ տնտեսության մեջ՝ հասցնելով տարեկան ներդրումների ծավալը համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին։
«Այժմ այդ թիվը 18 տոկոսի մոտակայքում է, դա անհրաժեշտ չափից ավելի քիչ է», - նշեց նա։
Նախարարն ասաց, թե 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է մոտ 22 տոկոսով, բայց դա չի մոտեցնում այն համամասնությանը, որի մասին խոսվում է։
«Օտարերկրյա ներդրումների ներգրավման մեջ մեր առաջնահերթ թիրախը լինելու են գլոբալ 500 ընկերությունները, որոնք գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան մնացած ամբողջ աշխարհը՝ կառավարությունները ներառյալ, ուստի՝ այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան որակական նոր փոփոխություններ կմտցնի մեր տնտեսության մեջ», - հավելեց Վահան Քերոբյանը։