11/02/2023 18:01
1994 թվականից հետո էլիտաները լրջագույն սխալներ թույլ տվեցին. Աբրահամ Գասպարյան (Տեսանյութ)
Պետությունները ղեկավարում են էլիտաները. ազգերի համար կենսական կարևորություն ունեն էլիտաների արժեքային ընկալումները, որդեգրած գաղափարախոսությունը, պետական ինստիտուտներին պատվիրակած միջնաժամկետ և երկրարաժամկետ նպատակները, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
Հարցին՝ ինչպես ստացվեց, որ Խորհրդային Միության պայմաններում էլիտային հաջողվեց հանրությանը միավորել Արցախի խնդրի շուրջ, իսկ անկախ Հայաստանի էլիտաները ձախողեցին հանրությանը միավորելու իրենց առաքելությունը, Աբրահամ Գասպարյանը պատասխանում է՝ Արցախյան ազատագրական պայքարի էլիտաները անցել են հսկայական ճանապարհ, թրծվել են Հայ դատի միջազգայնացման գործընթացում, ազգային գաղափարի պահպանման համար շատերը բանտում են հայտնվել, մեծ դեր է ունեցել սփյուռքը, որը միշտ վառ է պահել պահանջատիրության ջահը. այս ամենի հանրագումարը 88 թվականն էր։
«1994 թվականից հետո էլիտաները շատ մեծ սխալներ թույլ տվեցին. միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ դարձած Հայաստանի համար, որը հավակնում էր դեմոկրատական աշխարհի մաս կազմել, լրջագույն հարված էր 1996 թվականի նախագահական ընտրությունը»,- ասում է նա։
Աբրահամ Գասպարյանն Արցախի հարցում այսօրվա ձախողումը պայմանավորում է ազգային գաղափարախոսությունը դոկտրինալ մակարդակի չբարձրացնելով, կրթական համակարգը ձախողելով, օտարների նարատիվներով առաջնորդվելով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։