11/02/2023 19:00
Արցախին աջակցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը պետք է վարակիչ բնույթ կրի. Շաքե Իսայան (Տեսանյութ)
ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Շաքե Իսայանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք օբյեկտիվորեն ստվերել են Արցախի ու Լաչինի միջանցքի հարցը:
«Ստեղծված իրավիճակում դժվարանում է մեր բոլորի գործը, որովհետև դժվար է 60 օրից ավելի պարբերաբար բարձրաձայնել, որ կանգնած ենք նման խնդրի առաջ, թակել այս կամ այն միջազգային գերատեսչության դուռը, ակնկալել, որ որևէ արձագանք, լուծում կլինի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Իսայանը:
Նա անչափ կարևորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող նախաձեռնությունը:
«Բացի այն, որ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը սևեռվեց Արցախ, դեպի 120 հազար հայեր, ովքեր այս օրերին ծանր տարրական խնդիրների առաջ են կանգնած ու անկոտրում դիմադրում են, նաև այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանը սկսեց այս նախաձեռնությունը շատ լուսավոր կետից, այն է՝ այս երկու ամսում ծնված 215 երեխաների նվիրել օրհնված խաչեր», - նշեց Շաքե Իսայանը:
Նա շատ է կարևորում նաև Արցախին հումանիտար օգնությունը. Գագիկ Ծառուկյանը պարենամթերքի 10, դեղորայքի էլ 1 մեքենա է ուղարկել Արցախ:
«Բայց, համաձայնեք, այս նախաձեռնությունը չէր ունենա այն խորհուրդը, եթե չլիներ 215 լուսավոր փոքրիկների ծնունդը: Ըստ իս՝ Ծառուկյան ընտանիքի կողմից իրականացված նախաձեռնության հիմքում այն է, որ արվի ամեն ինչ, որ Արցախում շատ բալիկներ ծնվեն, որ մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմանում նեցուկ լինի արցախցուն, որ բոլորս միահամուռ ցույց տանք, որ մենք միասնական ենք, ուս ուսի ենք ու ամեն ինչ անելու ենք, որ այդ փոքրիկների հոգսը հնարավորինս կրճատենք: Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանի նախաձեռնությունը պետք է վարակիչ բնույթ կրի և հույս ունեմ, որ առաջիկայում նման նախաձեռնությունների մասին կլսենք, որի մեկնարկը տվեց Ծառուկյան ընտանիքը», - հավելեց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամը: