11/02/2023 14:16
Փաշինյանի թիմն ակնհայտորեն փորձում է Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի
«Հրապարակը» զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
- Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Հայաստանի, Արցախի եւ Իրանի հարցում Թուրքիայի ներգրավվածության կամ ակտիվության վրա։
- Եթե նկատի ունեք, որ Թուրքիայի իշխանությունները զբաղված կլինեն երկրաշարժի հետեւանքների վերացմամբ եւ առժամանակ ռեսուրսներ չեն ունենա այստեղ «բզբզալու», կարծում եմ, որ գոնե Հայաստանի (ներառյալ Արցախի) հարցում իրենց ակտիվության վրա այս երկրաշարժն առանձնապես չի ազդի։ Նախ՝ որովհետեւ Ադրբեջանն իր բոլոր ռեսուրսներով կա եւ վայրկյան իսկ չի դադարելու մեզ խփելը։ Երկրորդը՝ Թուրքիայում այսօր լրջագույն դժգոհություն կա՝ Էրդողանին ուղղված, թե՛ անորակ շինարարության հարցով, թե՛ երկրաշարժի հետեւանքները վերացնելու, բնակչությանն աջակցելու հարցով։ Կարելի է ասել, որ Էրդողանի վարչակարգը տապալել է փրկարարական աշխատանքները (որոշ տեղեր 3-4 օրում փրկարարները չէին հասել)։ Գալիք ընտրություններին ընդառաջ երկրի բնակչության դժգոհությունը մեղմելու եւ ուշադրությունը շեղելու համար չենք կարող բացառել, որ փորձի ակտիվացնել գործողությունները մեր ուղղությամբ։
- Արդյոք դա հիմք կհանդիսանա՞ նաեւ Իրանի դեմ ռազմական ծրագրի իրագործման համար, թե՞ Իսրայելն ու ԱՄՆ-ն այս մասով որոշիչ են։
- Չեմ կարծում, որ Թուրքիան շահագրգռված է Իրանի դեմ գործողություններ սկսել։
- Այս պայմաններում Ադրբեջանը կփորձի՞ զսպել իր ախորժակը՝ Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով առաջացած խնդիրները հաշվի առնելով։
- Իմ կարծիքով, Ադրբեջանը միշտ էլ ամեն ինչ անելու է, որպեսզի առավելագույնը պոկի Հայաստանից, ընդհուպ մինչեւ հայկական պետականության վերացումը, մանավանդ՝ ներկայիս իրավիճակում, երբ ունի եզակի բարենպաստ «պատուհան»՝ ի դեմս Փաշինյանի ռեժիմի, որը, ըստ էության, դարձել է Հայաստանում Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի սպասարկուն։
- Նիկոլ Փաշինյանը շտապեց հայ փրկարարների ուղարկել Թուրքիա, իսկ դրանից անմիջապես հետո ադրբեջանցիները կրակ են բացում Արցախի Մարտակերտի ուղղությամբ, Էրդողանն էլ հայտարարում է, որ ադրբեջանցի եղբայրներն իրենց կողքին են, ինչպես իրենք էին վերջիններիս կողքին՝ արցախյան պատերազմի ժամանակ։ Էրդողանի հայտարարությունն անակնկալի բերած կլինի՞ Նիկոլ Փաշինյանին, թե՞ ամեն ինչ կանխատեսելի է հենց իր՝ Փաշինյանի համար։
- Չեմ կարող մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի գլխում կատարվողը։
- Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկումն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում, ըստ Ձեզ։
- Հարվածներ են ընդդիմությանը, այսինքն՝ սրանք քաղաքական, ոչ թե իրավական գործընթացներ են։ Ավելին ասեմ. Փաշինյանը չի հանգստանալու, մինչեւ ներկայիս ընդդիմությանը չփոխարինի ԱԺ-ում իրեն հավատարիմ գրպանային մի քանի ուժերով, որոնց հիմա փայփայում է, այսպես ասած, «արտախորհրդարանային ընդդիմության» ձեւաչափով։
- Ի՞նչ պետք է արվի այս ճգնաժամային, գոյաբանական խնդիրը լուծելու համար, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, եւ ովքե՞ր պետք է դա անեն։
- Որեւէ գոյաբանական խնդիր չի կարող լուծվել, քանի դեռ ներկայիս օկուպացիոն վարչակարգն է իշխում Հայաստանում։
- Հնարավո՞ր է Հայաստանը մաքրել ադրբեջանցի ահաբեկիչների խմբավորումներից, որոնք արդեն զորամասեր են կառուցել Հայաստանի սահմանների խորքում։
- Զորամասեր կառուցելուց տեղյակ չեմ, գիտեմ, որ ամրանում են, հենակետեր ու դիրքեր են կառուցել։ Ներկայիս օկուպացիոն վարչակարգն իր առջեւ այդպիսի խնդիր չի դնում, հակառակ դեպքում չէին թողնի (դրա հնարավորությունն ունեին), որ թշնամին ամրանար Ջերմուկի մատույցներում, Սյունիքում, Գեղարքունիքում... Երբ Հայաստանում ազգային իշխանություն հաստատվի, այս խնդիրը պետք է լուծվի, այլ տարբերակ չկա, որովհետեւ ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերը, ըստ էության, «խեղդում» են Հայաստանի տարածքում տրանսպորտային հոսքերը։
- Եվրոպացի դիտորդների հերթական ժամանման նպատակը ո՞րն է։
- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրանք Հայաստանում են ՌԴ զորքին հետեւելու համար։ Կարելի է նաեւ եզրակացնել, որ հետեւելու են նաեւ հայկական զորքի տեղաշարժերին։ Համենայնդեպս, ես այդպիսի տպավորություն եմ ստացել իր խոսքից։
- Ի վերջո, մեծ բախումը մեր տարածաշրջանում տեղի կունենա՞, թե՞ ոչ, եւ ի՞նչ արդյունք մենք՝ Հայաստանն ու Արցախը, կունենանք վերջում։
-Փաշինյանի թիմն ակնհայտորեն փորձում է Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։ Կհաջողվի դա իրենց, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց հետեւանքներն աղետալի են լինելու հայ ազգի համար։