11/02/2023 10:27
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով մի քանի տասնյակ միլիոն գումար է ծախսվել:
Մեզ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը, Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր վարչական շրջանները դեռատիզացիոն ծառայության համար պետական բյուջեից ընթացիկ տարում ծախսելու են ընդհանուր 30 մլն 829 հազար դրամ կամ 77 հազար դոլար: Պայմանագիրը կնքվել է երկու՝ «Դավ-Հակ» և «Վահ Գրիգ» ընկերությունների հետ: Օրինակ՝ «Դավ-Հակ» -ի հետ կնքած պայմանագիրը 2-3 չափաբաժնով է, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն 511 հազար դրամ, իսկ «Վահ Գրիգ» ընկերության պայմանագրի արժեքը 18 մլն 318 հազար դրամի չափով է:
Նշենք, որ ամիսը 3 անգամ պետք է պայքար իրականացվի կրծողների դեմ մեխանիկական եղանակով՝ թակարդ, վերշա, և քիմիական մեթոդով՝ օգտագործելով թունաքիմիկատներ, որոնք արգելված չեն ՄԱԿ-ի կողմից և թույլատրված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Թվում էր, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում տեղակայված աղբամուղները զոդելուց հետո կրծողները կվերանան, բայց ոչ. դեռ դրանց դեմ պայքարի համար մեծ գումարներ են փոխանցվում»։