13/02/2023 21:08
Քնելու անվտանգ և «վտանգավոր» դիրքեր. Ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել
Անկողնում մարդն ընտրում է իրեն հարմար դիրքը ու քնում` հաճախ չմտածելով, որ կեցվածքը մեծ ազդեցություն ունի քնի վրա. Ճիշտ կեցվածքի դեպքում կարելի է բարելավել քնի որակը և առավոտյան կենսուրախ լինել, իսկ եթե կեցվածքը սխալ է, ապա դա հանգեցնում է քնի պակասի, ցերեկային քնկոտության և առողջության վատթարացման:
Քնի սխալ դիրքը կարելի է նույնիսկ վատ սովորություն անվանել։ Ըստ բժիշկների՝ եթե առավոտյան ցավում են մեջքը, վիզը, մեջքի ստորին հատվածը, չկա տրամադրություն, ապա հավանական է, որ խնդիրներն առաջացել են քնելու դիրքի պատճառով։
Ըստ որոշ կարծիքների՝ քնի ժամանակ ոչ ճիշտ կեցվածքի պատճառով կարող են նույնիսկ որոշ հիվանդություններ առաջանալ։
Քնել մեջքի վրա։ Այս դիրքը համարվում է ամենաանվտանգը, քանի որ այն թեթևացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը և արագ օգնում մարմինը բերել հանգստի վիճակի. օրգանիզմը թուլանում է, կրծքավանդակի և դեմքի մկանները չեն լարվում, ողնաշարն ամբողջությամբ հանգիստ վիճակում է:
Քնել կողքի վրա՝ հատկապես ձախ կողմում: Այս դիրքը հարմար է խռմփոցով տառապող մարդկանց, ինչպես նաև հղի կանանց համար։ Այս դիրքում մեջքի ստորին հատվածը հնարավորինս հանգիստ վիճակում կլինի:
Քնելու ամենավտանգավոր դիրքը նստած դիրքն է, կարծում են սրտաբանները: Նստած դիրքում քնելը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա: Բացի այդ, այն մարդիկ, որոնք հաճախ են նստած քնում, ունենում են այտուցներ, նրանց մոտ մեծանում է երակների լայնացման և թրոմբոզի ռիսկը:
Որովայնի վրա քնելու ընթացքում ողնաշարը լարված վիճակում է, ինչի հետևանքով ցավեր են առաջանում ինչպես մեջքի, այնպես էլ պարանոցի հատվածում:
Էմբրիոնի դիրքը նույնպես բարենպաստ չի համարվում՝ հատկապես կանանց համար, քանի որ այդ դիրքում սեղմվում են բոլոր ներքին օրգանները:
Այսպիսով, հնարավորինս հանգիստ քնելու և առավոտյան ավելի լավ զգալու համար ճիշտ է քնել մեջքի վրա կամ ձախ կողմում։ Քնելու դիրքն ընտրելիս, իհարկե, պետք է հաշվի առնել մարդու հիվանդությունները և առողջական վիճակը պայմանավորող գործոնները ևս։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։