13/02/2023 19:31
Կենցաղային սպասքը կարող է վնասել առողջությանը. Մտածեք՝ նախքան ընտրություն կատարելը
Նույնիսկ խնամքով պատրաստված սնունդը կարող է վնասակար լինել, եթե անտեսվի սպասքի որակը, որով պատրաստում կամ մատուցում են այն:
Մասնագետներն այն կարծիքին են, որ ցանկացած նյութից պատրաստված խոհանոցային սպասքը նախատեսված է հատուկ բաղադրությամբ սննդատեսակների համար. օրինակ՝ էմալապատ տարաները հարմար են թթու մթերքները, միսը և նախուտեստները պահելու համար, սակայն խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել կաթը եռացնելու համար, քանի որ այդպիսով նվազում է կաթի պահպանման ժամկետը։ Ընդհանրապես, նման սպասքը երկար է ծառայում` մինչև էմալի վնասվելը, որի դեպքում պետք է անմիջապես հրաժարվել սպասքից, քանի որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա:
Ալյումինի դրական և բացասական կողմերը
Ալյումինե խոհանոցային սպասքը շատ տարածված է: Դրա առավելություններից է այն, որ մթերքը գրեթե չի այրվում և տարայի վրայից հեշտ է մաքրվում։ Ալյումինը արագ պատվում է ալյումինի օքսիդի թաղանթով, որը պաշտպանում է սպասքը վնասվելուց։
Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ապա առաջինը թթու մթերքի՝ բանջարեղենային և մրգային ուտեստներ պատրաստելու և պահելու անհնարինությունն է։ Բանջարեղենի և մրգերի մեջ հայտնաբերված թթուն ռեակցիայի մեջ է մտնում ալյումինի և դրա օքսիդի միացման ժամանակ։ Բժշկական հետազոտությունների համաձայն՝ մարդու օրգանիզմում ալյումինի և դրա աղերի ավելցուկը հաճախ հանգեցնում է մի շարք հիվանդությունների։ Այսպիսով, ալյումինե տարայում պատրաստված ճաշատեսակները պետք է օգտագործվեն զգուշությամբ:
Չժանգոտվող պողպատի երկարակեցության գաղտնիքը
Չժանգոտվող պողպատից պատրաստված սպասքը, որպես կանոն, առանձնանում է ոչ միայն իր փայլով, այլև դիմացկունությամբ։ Սակայն չժանգոտվող պողպատը լավ չի փոխանցում ջերմությունը:
Փորձագետների խոսքով՝ նման սպասքը պատրաստված է քրոմ-նիկելային պողպատից, որն իներտ է քիմիապես ակտիվ նյութերի՝ թթուների և ալկալիների, աղի ջրի, մարինադների, մսի նկատմամբ։
Չժանգոտվող պողպատից դանակները իրենց առավելություններով հայտնի են յուրաքնչյուր տնային տնտեսուհու, սակայն քիմիապես այս նյութը ավելի պասիվ է վոլֆրամ պողպատի համեմատ:
Ապակե և բյուրեղապակե սպասք
Ապակե և բյուրեղապակե սպասքը, անշուշտ, գեղեցիկ է, նաև հեշտ է մաքրվում: Հիմնական թերությունը փխրունությունն է: Ուստի պետք չէ այդպիսի բաժակների մեջ եռման ջուր լցնել, դրանք պետք է դանդաղ տաքացվեն։ Չորրորդ կամ հինգերորդ տաքացումից հետո էլ չես կարող վստահ լինել, որ բյուրեղապակին չի ճաքի։ Ապակե, բյուրեղապակե և կավե սպասքը քիմիապես իներտ է և լուրջ վնաս չի հասցնի օրգանիզմին:
Տեֆլոնե սպասք
Տեֆլոնե ծածկույթով տապակները և կաթսաները բավականին տարածված են: Այն սինթետիկ պոլիմեր է, որը դիմացկուն է օքսիդացնող նյութերի, ալկալիների, թթուների նկատմամբ։ Միաժամանակ տեֆլոնը պարունակում է ֆտոր, այրված մնացորդները վատ են մաքրվում այսպիսի սպասքի վրայից։
Դանդաղ տաքացումից հետո նման տարաները երկար կծառայեն՝ մինչև ծածկույթի ամբողջականությունը խախտվի: Ուստի ավելի լավ է նախապատվությունը տալ կրկնակի ծածկույթով սպասքին։ Տեֆլոնե սպասք օգտագործելիս ավելի լավ է օգտագործել փափուկ նյութից պատրաստված թիակներ, որոնք չեն քերի կամ վնասի սպասքի հատակը։
Թուջե սպասք
Չնայած թուջե տապակը կարելի է անվանել անցյալից մնացած հիշողություն, սակայն այն անփոխարինելի է որոշ ուտեստներ պատրաստելու համար, օրինակ՝ բլիթներ տապակելիս:
Չուգունը երկաթի և ածխածնի համաձուլվածք է: Երբ երկաթը և դրա օքսիդները հայտնվում են մարդու օրգանիզմում, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում (երկաթի մի մասը ներծծվում է, իսկ դրա ավելցուկը հեշտությամբ արտազատվում է, ասում են բժիշկները):
Կավե ամանեղեն
Դեռ հնուց կավից պատրաստված տարաների մեջ պատրաստում են միս ու բանջարեղեն, պահում մեղր, մուրաբաներ, թթու վարունգ։ Այս սպասքն օգտագործելիս գլխավորը թթվային միջավայրի շփումը ջնարակների հետ բացառելն է (կավը հաճախ ներկում են ջնարակով)։ Ջնարակները պարունակում են ծանր մետաղների աղեր՝ կապարից մինչև կոբալտ: Թթու վարունգի հետ շփման դեպքում ծանր մետաղների աղերը հեշտությամբ անցնում են մարինադի մեջ և հետագայում թունավորում օրգանիզմը: Իսկ շատ աղեր տարիներ շարունակ չեն արտազատվում օրգանիզմից։
Ինչ վերաբերում է պղնձե կաթսաներին, ապա դրանք կարելի է օգտագործել միայն մակերեսը մաքուր թիթեղով պատելով, հակառակ դեպքում պղնձե կաթսաների համաձուլվածքը, որը կապար է պարունակում, բացասաբար կանդրադառնա առողջության վրա։ Ծանր մետաղները, ի տարբերություն մաքուր անագի, նույնիսկ միկրոդոզայով, վնասակար են առողջության համար։ Ջեմ պատրաստելիս սովորաբար օգտագործվում են պղնձից և դրա համաձուլվածքներից պատրաստված տարաներ, քանի որ շաքարը կանխում է ծանր մետաղների և վնասակար աղերի առաջացումը։
Այսպիսով, անհրաժեշտ է իմանալ նման կարևոր նրբությունները, կատարել սպասքի գրագետ ընտրություն՝ կանխելով մի շարք հիվանդությունների առաջացումն ու պահպանելով առողջությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։