13/02/2023 11:35
ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ, խնդրում եմ աշխարհաքաղաքական զարգացումներ չտեսնել. ՔՊ խմբակցության քարտուղար
Հայաստանն աշխատում է բոլոր ուղղություններով, որպեսզի առկա բոլոր հիմնախնդիրները հասցեագրվեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա ասաց, թե խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանը վերջերս նոր առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա։
«Երբ պատրաստ լինեն մեր առաջարկները, կուղարկվի Ադրբեջան», - նշեց նա։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցին Հայաստան՝ Խանդանյանն ասաց, թե այցի շրջանակներում քննարկման թեման եղել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, սահմանային անվտանգության ապահովումը։
«ՀՀ կառավարության ներկայացուցիչները հենց այդ հարցերն են քննարկել ռուսաստանցի համանախագահի հետ, սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, արդյունքներն ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել», - ընդգծեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Նա նշեց, թե Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի։
«Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանի Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունն ապահովվի Ադրբեջանի կողմից», - հավելեց Խանդանյանը։
Լրագրողները հարց ուղղեցին նաև Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով հեռախոսազրույցի վերաբերյալ, հետաքրքրվեցին՝ արդյոք հայկական կողմը փորձում է ռուսական կողմին բացատրել, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարեց՝ Հայաստանը որևէ մեկին բացատրելու կարիք չունի, որ որևէ մեկի դեմ չէ ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
«Հայաստանն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ, որ առաքելությունը երկարացվի, սա բխում է բացառապես ՀՀ շահերից», - ասաց նա։
ՔՊ-ականը վստահեցրեց՝ Հայաստանը շատ ակտիվ քաղաքականություն է վարում և Ռուսաստանի, և արևմտյան, և Իրանի գործընկերների հետ։
«ՀՀ իշխանությունները ելնում են ՀՀ պետական շահերից, ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացարձակապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն իրավիճակը, որ կա ՀՀ սահմաններին, խնդրում եմ այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներ չտեսնել»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։