13/02/2023 11:02
Արցախի ներկայացուցիչներն ու ԵԽ պատգամավորը քննարկել են Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք գործողություններ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- «Ֆեյսբուք»-ում գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Արցախի ներկայացուցիչներն ու ԵԽ պատգամավորը քննարկել են շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև՝ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ։