14/02/2023 20:26
Յոգան օգնում է բարձրացնել կյանքի որակը. Խորհուրդներ յոգայի վարպետից
Դարերի պատմություն ունեցող յոգան ներառում է ֆիզիկական և հոգևոր վարժությունների համալիր, որն օգնում է բարելավել մարդու վիճակը, նրա մարմինը և հոգին:
Ի՞նչ է տալիս յոգայով զբաղվելը, ի՞նչ առավելություններ և ազդեցություն ունի այն, փորձել է հասկանալ Aysor.am-ը՝ զրուցելով յոգայի մարզիչ Լիլիթ Խանդիկյանի հետ։
«Յոգան լայն տարածում է գտել՝ կյանքի որակի վրա իր դրական և անփոխարինելի ազդեցության շնորհիվ։ Յոգայի բազմաթիվ վարժություններ և դիրքեր թույլ են տալիս հաղթահարել սթրեսային պայմանները, հանգստացնել և վերականգնել նյարդերը։ Այս ամենի հետ մեկտեղ, յոգան մեծացնում է ողնաշարի ճկունությունը, զարգացնում ֆիզիկական ուժը և բարելավում հոդերի շարժունակությունը»,- ասաց մարզիչը։
Մասնագետի խոսքով՝ կարևոր է նաև այն փաստը, որ յոգայով զբաղվող մարդիկ սովորում են հեշտությամբ վերահսկել շնչառությունը, որը նպաստում է մարմնի ապաքինմանն ու երիտասարդացմանը։ Սովորում են նաև ճիշտ վարվել ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերի հետ։
«Յոգայի առավելությունները և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար անգնահատելի են, այն թույլ է տալիս մարզել թե՛ մարմինը, թե՛ միտքը, պայքարել բացասական մտքերի ու հույզերի դեմ։
Սակայն չի կարելի յոգայով զբաղվել այն վարպետների հետ, ովքեր չունեն բավարար գիտելիքներ և համապատասխան պատրաստվածություն։ Ցանկացած սխալ կարող է հանգեցնել պարանոցի և ողնաշարի հետ կապված խնդիրների, մեջքի ցավի, վնասվածքների և այլ տհաճ խնդիրների։ Ուստի անվտանգ յոգան սկսնակների համար հնարավոր է միայն մասնագետների աջակցությամբ»,- հավելեց յոգայի վարպետը:
Անկախ լայն շրջանակներ ընդգրկելուց, յոգան առավել տարածված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ. թույլ է տալիս բարելավել կազմվածքը և հանգստանալ: Ասանաները կատարվում են սահուն, դրանք հարմար են ցանկացած տարիքի կանանց համար՝ գրեթե ցանկացած ֆիզիկական վիճակում: Ֆիզիկական և հոգևոր պրակտիկայով կարող են զբաղվել ոչ միայն լիովին առողջ, այլև հիվանդություններ ունեցող մարդիկ:
Յոգայի դրական ազդեցությունը մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա.
Առողջության զգալի բարելավում. Մարմինը դառնում է ճկուն, ավելանում է ճարպկությունն ու դիմացկունությունը։ Ճիշտ կազմակերպված դասերը օգնոում են նիհարել՝ ձեռք բերելով կատարյալ կազմվածք։
Բոլոր համակարգերի և օրգանների աշխատանքի բարելավում: Յոգայի կանոնավոր պրակտիկայի դեպքում կարող եք պաշտպանել մարմինը տարբեր քրոնիկ հիվանդություններից, բորբոքումներից, մրսածությունից և այլ խնդիրներից: Այն օգտակար է նրանով, որ թույլ է տալիս հավասարակշռել հորմոնալ ֆոնը, բարելավել վերարտադրողական օրգանների աշխատանքը, ամրացնել կոնքի հատակի մկանները, ինչպես նաև ուժեղացնել սեռական մկանները:
Յոգան օգնում է վերացնել ցավը, դյուրագրգռությունը, պայքարել կանացի տարբեր խնդիրների դեմ։ Յոգայի օգնությամբ կարող եք պատրաստել օրգանիզմը հղիությանը, բարձրացնել գրավչությունն ու զգայունությունը։
«Նրանք, ովքեր հետաքրքրված են յոգայով, պետք է իմանան, որ այն օգնում է նաև վերականգնել հուզական հավասարակշռությունը: Հատուկ դասերը թույլ են տալիս հաղթահարել սթրեսն ու նևրոզը, ազատվել մշտական հոգնածությունից և չզգալ հուզական հյուծվածություն»,- ասաց Լիլիթ Խանդիկյանը։
Մարմնի ընդհանուր հզորացման և քաշի կորստի վարժությունները կարող են զգալիորեն տարբերվել: Այս ամենը լիարժեք կարող է դառնալ միայն վարպետների մասնագիտական աջակցությամբ, ովքեր կարողանում են ճիշտ ասանաներ ընտրել՝ հաշվի առնելով մարզվողի սեռը, տարիքը, նախասիրությունները և ակնկալած արդյունքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։