14/02/2023 10:57
Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վեհափառն ասել է, որ եկեղեցու ներկայացուցիչների և իշխանությունների հանդիպումները 44-օրյա պատերազմից հետո եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում։
«Իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։
Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, և նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի և հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ», - ասել է Գարեգին Երկրորդը։