14/02/2023 11:30
Նիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի
Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Վոբկե Հոկստրան նման մտահոգություն է հայտնել՝ պատասխանելով պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնության տարածած հաղորդագրությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ 2023 թ. փետրվարի 10-ի խորհրդարանին ուղղված իր նամակում ԱԳ նախարար Հոկստրան նշել է, որ Նիդերլանդները մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի միջոցով՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ, քանի որ միայն ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով մուտք ունի Լեռնային Ղարաբաղ:
Նախարարը գրել է, որ Նիդերլանդները տարբեր բանակցությունների և հայտարարությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել եռակողմ համաձայնագրի դրույթները:
«2023 թ. հունվարի 19-ին ես հեռախոսով խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ես փոխանցել եմ հումանիտար իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները և խնդրել ադրբեջանական կողմին ապահովել ազատ տեղաշարժը: Նույն օրը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում վարչապետը նույն ուղերձն է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին», - Վոբկե Հոկստրայի խոսքերն է մեջբերում Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը։
Նախարարը հավելել է, որ Սեդերի և Մալդերի միջնորդության համաձայն՝ կաբինետը նաև դիտարկում է, թե եվրոպական մակարդակով հետագա ինչ տարբերակներ կան՝ համոզելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել շրջափակումը։