14/02/2023 17:32
Այլ երկրներ մեկնած ռուսաստանցիների 60%-ը վերադարձել է հայրենիք․ Վոլոդին
Երկիրը լքած ռուսաստանցիների ավելի քան 60%-ն արդեն վերադարձել է և շարունակում է աշխատել նախկին աշխատավայրերում, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Այլ երկրներ մեկնելու պահից սկսած՝ Ռուսաստան է վերադարձել արտերկրում աշխատողների 60 տոկոսն ու այժմ այն ընկերություններում է, որտեղ նախկինում աշխատում էր»,- ասել է Վոլոդինը՝ Պետդումայի նիստի ժամանակ։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը լքած անձանց մի մասն արտասահմանում աշխատում է՝ պատժամիջոցային քաղաքականության պատճառով․ որոշ ընկերություններ իրենց աշխատատեղերը ստիպված են եղել տեղափոխել ՌԴ սահմաններից դուրս, սակայն արտասահմանում, ՌԴ Պետդումայի նախագահի խոսքով, ռուսաստանցիներին «հավաքագրում են, ստիպում, համոզում, որ սեփական երկրի դեմ հանդես գան»։
«Եթե դավաճանեն, նշանակում է՝ կատարել են իրենց ընտրությունը, որի հետ ստիպված են լինելու ապրել ամբողջ կյանքում։ Կվերադառնան՝ հնարավորություն կունենան այստեղ աշխատել»,- այս առնչությամբ ասել է Վոլոդինը։