14/02/2023 17:44
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները և հույս է հայտնել, որ հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։
Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին։