14/02/2023 19:39
Շրի-Լանկայում ամբողջությամբ արգելել են մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերի արտադրությունն ու սպառումը
Շրի-Լանկայի կառավարությունն ամբողջությամբ արգելել է կենսաքայքայման չենթարկվող մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերի արտադրությունն ու սպառումը, AFP գործակալությանը հայտնել է Շրի-Լանկայի տեղեկատվության նախարար Բանդուլա Գունավարդանը։
Արգելքը սահմանվել է շրջակա միջավայրի պահպանության, կղզում ապրող վայրի կենդանիների շարունակական անկումը կանխարգելելու նպատակով։ Պլաստիկե թափոնները, որոնք սնվելիս հայտնվում են փղերի ու վայրի եղջերուների օրգանիզմում, հանգեցնում են նրանց անկմանը։
Ինչպես գործակալությանը հայտնել է Շրի-Լանկայի տեղեկատվության նախարարը, պլաստիկե իրերի արտադրության ու սպառման ամբողջական արգելքն ուժի մեջ կմտնի հունիսից։
Նշենք, որ Շրի-Լանկայում 2017 թվականից արգելված է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, իսկ 2021 թվականից՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մանկական խաղալիքների ներկրումը։