15/02/2023 19:10
Երկրորդ տիպի դիաբետ․ Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս հիվանդության ժամանակ
2-րդ տիպի դիաբետը օրգանիզմի կողմից կարգավորվող և որպես էներգիայի աղբյուր օգտագործվող շաքարի (գլյուկոզ) կուտակման խանգարումն է:
Այն կարելի է բնորոշել որպես երկարաժամկետ (քրոնիկ) հիվանդություն, որի արդյունքում արյան հունում շրջանառում է մեծ քանակով շաքար: Ի վերջո, բարձր շաքարի մակարդակը կարող է բերել արյան շրջանառության, նյարդային և իմունային համակարգի ախտահարումների:
2-րդ տիպի դիաբետի ժամանակ առկա են երկու առաջնային, փոխկապակցված խնդիրներ: Ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) չի արտադրում բավարար ինսուլին հորմոն, որը կարգավորում է շաքարի մուտքը բջիջներ, և բջիջները ճիշտ ձևով չեն արձագանքում ինսուլինին և արյունից ավելի քիչ շաքար են վերցնում։
2-րդ տիպի դիաբետը նախկինում հայտնի էր որպես չափահաս տարիքում սկսված դիաբետ, սակայն ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետները կարող են սկսվել մանկական և արդեն չափահաս տարիքում: 2-րդ տիպի դիաբետն ավելի տարածված է ավագ տարիքի չափահասների շրջանում, սակայն գեր երեխաների թվի աճը հանգեցրել է հիվանդության երիտասարդացման։
Որպես այդպիսին, 2-րդ տիպի դիաբետը բուժում չունի, սակայն մարմնի քաշի նվազեցումը, առողջ սնվելը և ֆիզիկական վարժությունները կարող են օգնել կառավարել հիվանդությունը: Եթե սննդակարգն ու վարժությունները արյան շաքարը վերահսկելու համար բավարար չեն, բժիշկը կարող է նշանակել դիաբետի դեղեր կամ ինսուլինային բուժում:
2-րդ տիպի դիաբետի գանգատները և ախտանշանները հաճախ դանդաղ են զարգանում: Մարդը կարող է տարիներ շարունակ ապրել 2-րդ տիպի դիաբետով և չիմանալ այդ մասին:
Գանգատներն ու ախտանշաններն են՝
անհագուրդ ծարավի զգացում,
հաճախամիզություն
քաղցի զգացում կամ շատակերություն,
քաշի չնախատեսված կորուստ,
թուլություն և հոգնածություն,
մշուշոտ տեսողություն,
դանդաղ ապաքինվող վերքեր կամ խոցեր,
հաճախակի կրկնվող վարակներ,
դաստակների կամ ոտնաթաթերի թմրածություն կամ ծակծկոցներ,
մաշկի մգացած հատվածներ, սովորաբար՝ թևատակերում և պարանոցի վրա:
Վերը թվարկված գանգատներից կամ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին և անցնել անհրաժեշտ հետազոտություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։