15/02/2023 19:51
Աղիքային վարակները հնարավոր է կանխարգելել՝ հետևելով հիգիենայի պարզ կանոններին
Աղիքային վարակները կարող են ցանկացած ժամանակ ախտահարել յուրաքանչյուր մարդու, առաջացնել մեծ անհարմարավետություն և տարբեր գանգատներ, իսկ երբեմն էլ՝առողջական լուրջ խնդիրներ։
Եթե հիվանդն ունի աղիքային վարակ, նշանակում է, որ ախտածին` հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմները (մանրէներ կամ միկրոբներ) կարողացել են թափանցել ստամոքս-աղիքային խողովակ, որը հանդիսանում է մարսողական համակարգի մի մասը։
Աղիքային վարակը երբեմն անվանում են «ստամոքս-աղիքային վարակ» կամ գաստրոէնտերիտ։
Մարդիկ սովորաբար վարակվում են հետևյալ ուղիներով՝
ուտելով կամ խմելով աղտոտված (վարակի հարուցիչ պարունակող) մթերք կամ ջուր (սննդային թունավորում),
շփման մեջ գտնվելով վարակված մարդկանց կամ աղտոտված առարկաների և իրերի հետ՝ սեղանի սպասք, ծորակներ, խաղալիքներ, մանկական տակաշորեր և այլն։
Հիվանդության ախտորոշման մեջ առանցքային նշանակություն ունեն առանձնահատուկ ախտանիշները և կղանքի բակտերիոլոգիական հետազոտությունը։ Աղիքային վարակի բուժումը հիմնված է առկա գանգատների ու հիվանդության ընթացքի, ինչպես նաև հավանական կամ հայտնաբերված հարուցիչի տեսակի վրա։
Աղիքային վարակները սովորաբար տարածված են այն երկրներում կամ տարածաշրջաններում, որտեղ պատշաճ մակարդակով չեն պահպանվում ընդհանուր հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ կանոնները և չեն իրականացվում կանխարգելման համապատասխան միջոցառումներ։
Ախտանիշները կախված են հարուցիչի տեսակից և դրա առաջացրած հիվանդությունից։
Հարուցիչի տեսակից անկախ աղիքային վարակները բնորոշվում են որոշ ընդհանրական ախտանիշների զարգացմամբ, որոնցից են՝
փորլուծություն,
սրտխառնոցի զգացում,
փսխում,
կծկանքային բնույթի որովայնի ցավեր,
ջերմության բարձրացում և տենդ,
գլխացավ։
Աղիքային որոշ վարակների ժամանակ (դիզենտերիա) փորլուծությունը կարող է ուղեկցվել կղանքում կամ ջրային արտաթորանքներում արյան և լորձի տեսքով։
Անհրաժեշտ է այցելել բժշկի, եթե՝
գանգատներն արտահայտված և անհանգստացնող են,
առկա է բարձր ջերմություն,
կղանքում առկա է արյուն կամ լորձ,
վիճակը շարունակվում է ավելի քան 2-3 օր,
զարգացել են ջրազրկման նշաններ, օրինակ՝ ծարավի մշտական զգացում և մեզի ծավալի նվազում։
Նորածինների մոտ աղիքային վարակի նշաններ զարգանալիս անհապաղ դիմել բժշկի, եթե՝
24 ժամվա ընթացքում լուծը կրկնվել է 6 անգամ կամ ավելի հաճախ,
24 ժամվա ընթացքում փսխումը կրկնվել է 3 անգամ կամ ավելի հաճախ,
առկա են ինքնազգացողության վատացման նշաններ՝ թույլ են արձագանքում, բարձր ջերմում են կամ քիչ են միզում,
փսխումները շարունակվում են ավելի քան 1 օր,
միաժամանակ առկա են փորլուծություն և փսխում,
արտաթորանքները կիսաջրիկ են և ավելի քան 2-3 օր պարունակում են արյուն,
ունեն սուր կամ կայուն ցավեր՝ ստամոքսի շրջանում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։