15/02/2023 13:52
Ժամեր անց Հայաստանից օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա. Արարատ Միրզոյան
Այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։
Հենց այդ սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։ Ուրախ եմ, որ մեր փրկարարներին, իրենց գործընկերների հետ համագործակցությամբ, հաջողվել է փրկել մարդկային կյանքեր։ Խորհրդանշական եմ համարում, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար։ Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան», - ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման։