15/02/2023 10:28
Եթե զորակոչված պահեստազորայինը քաղաքացիական կյանքում 25-օրյա աշխատանքի համար ստանում է 250-300 հազար դրամ, ապա ԶՈՒ հավաքների զորակոչվելու դեպքում՝ 150-170 հազար. Պատգամավոր
Մարտ ամսվանից մեկնարկում են կառավարության հայտարարած վարժական հավաքները, որոնք նախատեսված են 25-օրյա ժամկետով:
«Իշխանության` ավելի վաղ հայտարարված սկզբունքը, թե պահեստազորայինները կարող են ընտրել տարվա կոնկրետ իրենց հարմար ժամանակահատված, փաստացի չի գործում. համենայնդեպս այդ մասով համապասխան ցուցումներ և հրամաններ զինկոմիսարիատներին չի իջեցվել:
Որքան ես եմ հասկանում՝ թեման քննարկվել է, սակայն եզրակացությունն այն է եղել, որ պահեստազորայինների նախընտրություններն ու վարժական հավաքների կազմակերպչական առանձնահատկությունները համադրելի չեն:
Հավաքներին վերաբերվող մեկ այլ խնդիր. այն հոդվածով, որով զորակոչվում են պահեստազորայինները, ենթադրում է գործատուի պարտավորություն վերջիններիս աշխատանքային հաստիքը պահպանելու վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում սահմանված 25-օրյա ժամկետում աշխատավարձի պահպանում:
Սա նշանակում է, որ եթե, օրինակ, զորակոչված պահեստազորայինը քաղաքացիական կյանքում 25-օրյա աշխատանքի համար ստանում է 250-300 հազար աշխատավարձ, ապա զինված ուժեր հավաքների զորակոչվելու դեպքում՝ 150-170 հազար:
Այսինքն` մարդիկ երկրին ծառայություն են մատուցում, սակայն շատերի դեպքում դա լինելու է սեփական եկամուտների կրճատման հաշվին:
Պատերազմի կամ ֆորս-մաժորի պայմաններում իրավիճակը ինչ-որ տեղ կարելի է հասկանալ` այդ պահին կարևորն աշխատավարձային խնդիրները չեն, սակայն համեմատաբար խաղաղ պայմաններում, այն էլ 25-օրյա ժամկետով ծառայության պայմաններում` ոչ:
ՊՆ-ում հավաստիացնում են, որ այս ուղղությամբ լուծումներ են փնտրում, բայց փաստ է, որ դրանք դեռ չկան:
Փաստորեն, իշխանության` ավելի վաղ «սղցրած» ևս մեկ «ռեֆորմ» մինչ այդ հնչեցրած խոստումների շրջանակում չէ», - Facebook-ում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։