15/02/2023 20:27
ԱՀԿ-ն երկարաձգել է կապիկի ծաղիկ հիվանդության բռնկմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ mpox-ի (կապիկի ծաղիկ հիվանդության նոր անվանումը-խմբ․) բռնկումը համաշխարհային առողջապահության համար շարունակում է մնալ որպես արտակարգ իրավիճակ, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
Նա հայտնել է, որ փետրվարի 10-ին ԱՀԿ-ի կոմիտեի նիստում քննարկվել է mpox-ի հետ կապված իրավիճակը։
«Կոմիտեն եզրահանգել է, որ mpox-ը շարունակում է արտակարգ իրավիճակի պատճառ մնալ համաշխարհային առողջապահության ոլորտում, և ես համաձայնել եմ այդ եզրակացությանը»,- ասել է Գեբրեյեսուսը։
ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ 30 երկրից հիվանդության նոր դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել։ Գեբրեյեսուսը նաև մտահոգություն է հայտնել, որ որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության մասին տեղեկացվածությունը շատ ցածր մակարդակի է։
«ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է անում վերահսկել իրավիճակը»,- ասել է Գեբրեյեսուսը։