16/02/2023 20:16
Ի՞նչ է արտ-թերապիան և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մարդու հոգեբանական վիճակի վրա. Պատասխանում է մասնագետը
Արտ-թերապիան պրակտիկ հոգեբանության ոլորտներից մեկն է, որն օգտագործում է ստեղծագործության տարբեր տեսակներ՝ հոգեբանական օգնություն տրամադրելու տարբեր հաճախորդների՝ իրենց անձնական խնդիրների ամբողջ շրջանակը լուծելու համար:
Ի՞նչ է արտ-թերապիան, ո՞ւմ է այն անհրաժեշտ և ինչո՞ւ, փորձել ենք պարզել՝ զրուցելով հոգեբան Մարիա Մանվելյանի հետ։
«Մարդիկ մշտապես օգտագործել են արվեստը՝ աշխարհի հետ փոխազդեցություն կառուցելու, իրենց մտքերն արտահայտելու, իրենց և ուրիշներին օգնելու համար. Նման աշխատանքի արդյունքում հաստատվեց այն միտքը, որ ստեղծագործական գործունեությունը լավ է օգնում հիվանդների ապաքինմանը կամ, առնվազն, նրանց վիճակի արագ կայունացմանը»,- ասաց հոգեբանը։
Պետք է նշել, որ թերապևտիկ վիզուալ կրեատիվությունը և արտ-թերապիան այժմ դիտվում են որպես անձի տեսողական գործունեության վրա ազդելու երկու տարբեր եղանակներ, որոնք տարբերվում են հենց նրանով, թե ինչ բուժիչ գործոններ և ազդեցության մեխանիզմներ են գործում դրանցից յուրաքանչյուրն օգտագործելիս:
Ընդհանուր անուններն են՝ ստեղծագործական թերապիա, էքսպրեսիվ թերապիա, ստեղծագործական ինքնարտահայտման թերապիա, միջմոդալ արվեստի թերապիա, թերապևտիկ վիզուալ արվեստ և այլն։
«Արվեստի թերապիան առաջացել է արվեստի ուսումնասիրության երեք տարբեր ոլորտների և ուղղությունների հանգույցում՝ միավորելով մարդու վրա արվեստի ազդեցության երեք տարբեր անկյունները, հայացքները և հետաքրքրությունը:
Նախ, սա արվեստագետների տեսակետն է, թե ինչպես է վիզուալ ակտիվությունն ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակի, նրա առողջության վրա։
Երկրորդը, սա հոգեթերապևտների տեսակետ է արվեստն օգտագործելու հնարավորության մասին՝ ուսումնասիրելու և ներդաշնակեցնելու մարդու ներաշխարհը, հաղթահարելու գիտակցության և անգիտակցականի միջև «հակամարտությունը»։
Եվ երրորդը, սա հոգեբույժների տեսակետն է վիզուալ արվեստի մասին՝ որպես գործիք՝ ինչպես հոգեկան հիվանդությունների ախտորոշման, այնպես էլ հոգեկանը անբարենպաստ ազդեցություններից կայունացնելու և պաշտպանելու համար»,- ասաց մասնագետը։
Այս առումով արտ-թերապիան ներառում է տեսողական միջոցների կիրառմամբ թերապիա, ինչպես նաև երաժշտություն, պար-շարժում և դրամաթերապիա (հոգեթերապիա բեմական խաղի միջոցով): Առավել տարածված բնույթ է կրում հոգեթերապիայի և կերպարվեստի կապը, որը ներառում է ոչ միայն նկարչություն, այլև կոլաժների, քանդակների, խճանկարների, ինստալյացիաների, տիկնիկների, դիմակների ստեղծում, աշխատանք։
Մասնագետի խոսքով, առաջին հերթին այն ոչ վերբալ հաղորդակցման ուղիների օգտագործումն է.
«Մենք հաճախ բառեր չենք ունենում նկարագրելու մեր ներքին վիճակը կամ պարզապես ամաչում ենք։ Արտ-թերապիան մեզ հնարավորություն կտա բացատրել, իսկ հոգեթերապևտը՝ տեսնել, թե ինչ է կատարվում մեզ հետ՝ առանց խոսքերի։ Դուք կարող եք արտահայտել ձեր զգացմունքները, լսել ձեր ցանկությունները և նույնիսկ երբեմն առանց ձայն հանելու որևէ խնդրի լուծում գտնել»:
Արտ-թերապիան անդրադառնում է նաև մարդու ներքին ստեղծագործական հնարավորություններին: Այն թույլ է տալիս դրանց դրսևորվել, եթե թաքնված են եղել, կամ մտնել կյանքի տարբեր ոլորտներ, եթե նախկինում այնտեղ չեն օգտագործվել:
Այս մեթոդը հանգեցնում է խնդրի լուծմանը ամենանուրբ, ցավազուրկ ճանապարհով։ Հաճախ այն մեծ հաճույք է պատճառում մարդուն, նույնիսկ եթե խնդիրն ի սկզբանե կապված է ուժեղ զգացմունքների և դժվար փորձառությունների հետ:
«Երբեմն կարելի է կարծիք լսել, որ արտ-թերապիան հարմար է միայն երեխաների, մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց և տարեցների հետ աշխատելու համար։ Այժմ այն մարդկանց շրջանակը, ովքեր ընտրում են արտ-թերապիան որպես հոգեբանական օգնության նախընտրելի տեսակ, փոխվել և զգալիորեն ընդլայնվել է»,- ասաց հոգեբանը։
Արտ-թերապիան ցուցված է՝
մեծահասակներին, ովքեր տառապում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով,
ճգնաժամի մեջ գտնվող մարդանց,
նրանց, ովքեր ունեն բարձր անհանգստություն կամ դեպրեսիա,
մարդկանց, ովքեր ենթարկվել են բռնության,
հակումներ և մոլուցքներ ունեցող մարդկանց։
Արտ-թերապևտներն աշխատում են այնպիսի խնդիրների հաղթահարման ուղղությամբ, ինչպիսիք են՝ հուզական անկայունությունը, միայնության զգացումը, միջանձնային կոնֆլիկտները, որոշումներ կայացնելու դժվարությունը և այլն:
Հոգեբանը խորհուրդ է տալիս խորհրդակցել արտթերապևտի հետ՝ հաղթահարելով հուզական ցավը (երբեմն նաև ֆիզիկական), սկսել ավելի լավ հասկանալ ինքներս մեզ, մեր ցանկություններն ու կարիքները, բացահայտել նոր ռեսուրսներ և ձեռք բերել նպատակներին հասնելու նոր ուղիներ, մշակել ավելի արդյունավետ վարքի ռազմավարություններ և բարելավել կյանքի որակը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։